ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Պուտինը՝ «Տարվա մարդ» Ռուսաստանում

Պուտինը՝ «Տարվա մարդ» Ռուսաստանում
03.01.2015 | 15:32

«Լևադա» կենտրոնի հարցախույզի արդյունքներով՝ ռուսաստանցիների 57 տոկոսը, «Տարվա մարդ» է համարում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ 2013-ին Պուտինը «Տարվա մարդ» է համարվել հարցվածների 26 տոկոսի, իսկ 2012-ին` 28 տոկոսի կարծիքով։ Նա 1999 թվականից անընդմեջ հռչակվում է «Տարվա մարդ»։
Այս տարի երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է` նրան «Տարվա մարդ» է համարել հարցվածների 9 տոկոսը։ Երրորդ տեղում` 8 տոկոսով, արտգործնախարար Սերգեյ Լավրովն է։ Արտաքին գերատեսչության ղեկավարի անունն առաջին անգամ է հայտնվել այդ ցուցակում, մինչդեռ Շոյգուն 2012 թվականից զբաղեցնում է երկրորդ տեղը։ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին «Տարվա մարդ» է համարել ռուսաստանցիների 4 տոկոսը, հնգյակը 3 տոկոսով եզրափակում է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։
«Լևադա» կենտրոնը նշում է, որ, ի տարբերություն նախորդ տարիների՝ օտարերկրացիներ ցուցակում չկան: 2013-ին «Տարվա մարդ» անվանակարգում 4-րդ տեղում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, Ռուսաստանում ապաստանած Էդուարդ Սնոուդենն էր։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2009-ին եղել է 3-րդը, 2012-ին` 4-րդը։
«Տարվա կին» անվանակարգում ռուսաստանցիները նախապատվությունը տվել են Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, նա առաջինն է եղել նաև 2008, 2010 և 2011 թվականներին։ Երկրորդը Ալլա Պուգաչովան է, երրորդը` «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ելիզավետա Գլինկան, չորրորդը` Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, հնգյակը եզրափակում է միակ օտարերկրացի կինը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Times հանդեսն անցած շաբաթ Մերկելին անվանել էր «Տարվա մարդ»։
«Լևադա» կենտրոնը դեկտեմբերի 19-22-ին անցկացրած հարցախույզի ընթացքում պարզել է նաև, թե տարվա որ իրադարձությունն է ամենակարևորը ըստ ռուսաստանցիների։ Առաջին տեղում Սոչիի ձմեռային օլիմպիադան է, երկրորդը` ռուբլու աննախադեպ անկումը, երրորդը` Ռուսաստանին միանալու հարցով Ղրիմում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեն, որը չի ճանաչվում միջազգային համայնքի կողմից։ Չորրորդ ամենակարևոր իրադարձությունը նավթի գների անկումն է, իսկ հինգերորդ ամենակարևոր իրադարձությունը` նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան մամլո ասուլիսը: Միայն այդ իրադարձություններից հետո են հարցվածները նշել ուկրաինական զարգացումները` իշխանափոխությունը, Արևուտքի պատժամիջոցները, Դոնբասի պատերազմը, մալայզիական «Բոինգ»-ի կործանումը։ Ռուսաստանցիների մի մասը կարևորել է Էբոլայի համաճարակը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, «Տոտալ» ընկերության ղեկավարի օդանավի աղետը, Շոտլանդիայի անկախության հանրաքվեն և նույնիսկ Կոնչիտայի հաղթանակը Եվրատեսիլում:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ